Թբիլիսիում մեկ գիշերվա ընթացքում բռնել են 107 մարդու
- Ani

- Nov 30, 2024
- 1 min read

Վրաստանի ՆԳՆ-ն տեղեկացրել է, որ Թբիլիսիում բռնել է 107 մարդու, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։
Նրանց բոլորին վերագրվում է անհնազանդություն ոստիկանության պահանջներին եւ մանր խուլիգանություն (Վարչական իրավախախտումների օրենսգրքի 166 եւ 173 հոդվածներ)։
Գերատեսչությունը հայտնել է, որ բողոքը «քանիցս գերազանցել է օրենքսվ սահմանված նորմերը»։ Վրաստանի ՆԳՆ հայտարարության համաձայն՝ գիշերվա ընթացքում ակցիայի մասնակիցները ոստիկաններին բանավոր եւ ֆիզիկական դիմադրություն են ցուցաբերել, նրանց ուղղությամբ տարբեր առարկաներ, քարեր, ապակե շշեր նետել, պիրոտեխնիկա օգտագործել։
Տուժել է ՆԳՆ 10 աշխատակից։ Մինչ այժմ բժշկական հաստատություններում է մնում մեկ ոստիկան՝ մարմնի տարբեր մասերի այրվածքներով։
«Չնայած բազմաթիվ դիմումներին՝ հավաքվածները վնասել են Թբիլիսիի քաղաքապետարանի ենթակառուցվածքը, խորհրդարանի պաշտպանական պատնեշը, այրել են տարբեր առարկաներ եւ էլեկտրալարեր, բարիկադներ կառուցել, վնասել խորհրդարանի մուտքի դարպասները եւ տեսահսկման խցիկները»,- նշվել է հայտարարությունում։
ԶԼՄ-ն ընդգծել է, որ ՆԳՆ-ն ոչինչ չի ասում ոստիկանության գործողություններից տուժած ցուցարարների եւ լրագրողների մասին։ ԶԼՄ-ները գրանցել են ցուցարարներին ծեծելու բազմաթիվ փաստեր։
Ռուսթավելու պողոտայում հանրահավաքի ցրումը տեւել է մոտ 7 ժամ։ Ուժայինները կիրառել են ջրցաններ, գազով պարկուճներ, պղպեղի սփրեյ, ինչպես նաեւ այլ հատուկ միջոցներ։
Անցած ցույցի ժամանակ՝ նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը, Թբիլիսիում բռնել էին 43 մարդու։




















