«Ժողովուրդ». ՊԵԿ-ում ոսկու ներմուծման շուրջ աղմկահարույց փաստերը՝ Հակակոռուպցիոնը ուսումնասիրում է
- Ani

- 5 hours ago
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության գործունեությանը վերաբերող մի շարք հանգամանքներ, որոնք ունեն հանրային նշանակություն և հնարավոր քրեաիրավական բաղադրիչ։
Ավելի վաղ «Ժողովուրդ»-ը հրապարակել էր տեղեկություններ այն մասին, որ 2025 թ. հոկտեմբերի 9-ին, վարչության պետ Ռաֆայել Զաքարյանի հանձնարարությամբ, ՊԵԿ ներսում գործող «WhatsApp» ծառայողական խմբում տրվել է ցուցում՝ Մոսկվայից Երևան ներմուծվող ոսկյա ձուլակտորների վրա առկա նույնականացնող (սերիական) թվերը չնկարելու վերաբերյալ։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ 2025 թ. հոկտեմբերի 9-ից դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Երևանի ոսկերչական ֆաբրիկա ՍՊ ընկերության կողմից ներմուծված շուրջ 2 տոննա ոսկյա ձուլակտորների վրա առկա սերիական համարները, արտադրող երկրի տվյալներն ու քաշը լուսանկարահանման միջոցով չեն ֆիքսվել, ինչի փոխարեն նկարահանվել են ձուլակտորների այն հատվածները, որտեղ տվյալները տեսանելի չեն։
«Ժողովուրդ»-ը նաև պաշտոնական հարցմամբ դիմել էր համապատասխան մարմիններին՝ պարզելու՝
իրականացվո՞ւմ է արդյոք ծառայողական քննություն կամ քրեական վարույթ,
պահպանվե՞լ են արդյոք ոսկու պարտադիր նույնականացման կարգավորումները,
ստուգվե՞լ են ներմուծված ձուլակտորների մաքսային ձևակերպումները,
տրվե՞լ է արդյոք իրավական գնահատական Ռաֆայել Զաքարյանի գործողություններին։
ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին ժլատ պատասխան են տվել․ նշված հանգամանքների կապակցությամբ Կոմիտեի օպերատիվ-հետախուզական առաջին վարչության կողմից իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ և ստուգողական գործողություններ։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















