Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին․«Ժողովուրդ»
- Ani
- 9h
- 2 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի քաղաքական եւ հոգեւոր կյանքում լարումները նոր փուլ են մտնում։ Վերջին օրերին իշխանական ամենաբարձր շրջանակների հայտարարությունները (Ազգային ժողովի փոխնախագահ) ավելի քան ուղիղ են. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը պետք է ազատի Վեհարանը եւ հեռանա:
Վեհարանի արձագանքը եւ ներքին դիրքորոշումը
Կաթողիկոսը բացահայտ մեկնաբանություններով հանդես չի եկել, սակայն վերջին ելույթի ժամանակ, երբ դիմավորեց ուխտագնացության մասնակիցներին, նա խոսեց «քաղաքական հալածանքների» մասին՝ առանց անուններ նշելու։ Այդ ելույթը շատերի կողմից ընկալվեց որպես հղում իշխանություններին։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ Վեհարանից ներս կաթողիկոսը հայտարարել է, որ պատրաստ է դիմակայել ցանկացած ճնշման՝ նույնիսկ իրավապահների կողմից կալանավորման դեպքում։ Նա ընդգծել է, որ չի հրաժարվելու կաթողիկոսությունից, անգամ եթե ստիպված լինի եկեղեցին ղեկավարել կալանավայրից։ Սա արդեն ինստիտուցիոնալ դիմադրության, կամքի դրսեւորում է։ Հատկապես, եթե այս տեղեկությանը հավելում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի տարածած՝ Կաթողիկոսին պաշտպանող հայտարարությունը, որ Հայաստանում պետք է իշխանությունը փոխվի:
Քրեական գործի եւ ներքին ճգնաժամի գիծը
Հանրությանը հայտնի է, որ Նաթան սրբազանի մասնակցությամբ ձայնագրության հիման վրա հարուցվել է քրեական վարույթ։ Ըստ բաց աղբյուրների՝ Նաթան սրբազանը արդեն հրավիրվել է հարցաքննության՝ քննչական մարմիններում։ Իրավապահներից «Ժողովուրդ» օրաթերթին փախանցած տեղեկությունների համաձայն՝ քննությունը կարող է ներառել նաեւ խուզարկություններ Վեհարանում եւ կաթողիկոսի ձերբակալություն։
Այս ամենը հանրային դաշտում ընկալվում է ոչ միայն որպես իրավական գործընթաց, այլեւ որպես հարված՝ ուղղված հոգեւոր հաստատության հեղինակության վրա։
Միեւնույն ժամանակ, կաթողիկոսի կողմից կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանան, ով, ըստ տեղեկությունների, պատրաստվում է պատարագ մատուցել Հովհաննավանքում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, նոր սկանդալի առիթ է դառնալու: Իրավաբանորեն՝ կարգալույծ քահանան չի կարող կատարել ծիսական արարողություն, սակայն, ըստ որոշ աղբյուրների, այդ միջոցառման շուրջ նախատեսվում է զանգվածային հավաք եւ հնարավոր քայլերթ դեպի Էջմիածին։
Կաթողիկոսի եւ իշխանության միջեւ ձգվող լարվածությունը վերածվել է պետություն-եկեղեցի հարաբերությունների խոր ճգնաժամի։
Երբ հոգեւոր իշխանությունը դառնում է քաղաքական պայքարի օբյեկտ, վտանգվում է հենց հանրային հավասարակշռությունը։»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: