top of page

Վիրահայոց թեմում հյուրընկալել են «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում երեք երկրների հայ մասնակիցներին (ֆոտո)

  • Writer: Ani
    Ani
  • 2 hours ago
  • 1 min read

ree

Վիրահայոց թեմում ընդունել են «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում երեք երկրների հայազգի ներկայացուցիչներին.

«Մանկական Եվրատեսիլ 2025» -ին երեք երկրները կներկայացնեն հայազգի մասնակիցներ

2025 թվականի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը հյուրընկալում է 2024 թվականին Մանկական Եվրատեսիլում հաղթանակած Թբիլիսին: Ուշագրավ է, որ երգի մրցույթի 18 մասնակիցներից երեքը հայազգի աստղեր են:

Դեկտեմբերի 11-ին, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի համագործակցությամբ, Թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում կայացավ հանդիպում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող Ալբերտ Արմենակյանի, Ուկրաինայի Հանրապետությունը ներկայացնող Սոֆիա Ներսիսյանի և Վրաստանը ներկայացնող Անիտա Աբգարյանի հետ:

Երեք հայազգի աստղերի հետ հանդիպումը մեկնարկեց Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցի այցելությամբ, որտեղ արժանապատիվ քահանաներն ու բարեշնորհ սարկավագները դիմավորեցին երգի վարպետ կատարողներին, իսկ արժ. Տեր Սամվել քահանա Թորոսյանը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի հայրական բարեմաղթանքները, օրհնեց երեխաներին և նրանց բաժանեց հուշանվերներ:

Երկրպագուներով լեցուն Գալուստ Գյուլբենկյան դահլիճում Մանկական Եվրատեսիլի երեք մասնակիցներին ողջունեցին և հաջողություններ մաղթեցին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Ուկրաինայի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչ Օլենա Հլադուշչենկոն և «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը:

«Մանկական Եվրատեսիլ – 2025» -ի հայազգի մասնակիցներ Անիտա Աբգարյանը, Սոֆիա Ներսիսյանը և Ալբերտ Արմենակյանը կատարեցին հատվածներ իրենց մրցույթային ելույթներից:

ՀՀ մեդիայի ներկայացուցիչը մեկնաբանեց մրցույթի օրը իրենց ընտրյալ երեք երկրներին ձայն տալու մեխանիզմը: Հանդիպումն ավարտվեց հայազգի մասնակիցներին Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի Հանրապետության դեսպանությունների կողմից հուշանվերների փոխանցմամբ և հաղթանակի հասնելու մաղթանքներով»,-ասվում է թեմի ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ:

1/2451
bottom of page