Ինչ են հայտարարագրել 19 ուժերի 1-ին համարները. Hetq.am
- 3 minutes ago
- 4 min read

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած հայտարարագրերը բացում են 2026թ. հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցող 19 քաղաքական ուժերի առաջնորդների ունեցվածքի գաղտնիքները։ Ո՞վ է ամենահարուստը, և ովքե՞ր են ապրում միայն աշխատավարձով։ Այս մասին գրում է Հետքը։
Ad
1. «Ռեֆորմիստների» կուսակցություն
«Ռեֆորմիստների» կուսակցության ցուցակի առաջին համարը պաշտպանության նախկին նախարար, ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանն է։
Հարությունյանը հայտարարագրել է Կենտրոն վարչական շրջանում գտնվող 204 քմ մակերեսով մեկ բնակարան։
Հարությունյանը հաշվետու ժամանակահատվածում ստացել է 4.9 մլն դրամի թոշակ Պաշտպանության նախարարությունից։ «Հայէկոնոմբանկ»-ում և ռուսական «Սբերբանկ»-ում ունեցած ավանդներից ստացել է 720.000 դրամ և 884.394 ռուբլի տոկոսավճար։
Վաղարշակ Հարությունյանի դրամական միջոցները կազմել են 400.000 դրամ և 30.000 դոլար։
2. «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական» կուսակցություն
Նորաստեղծ «Բոլորին դեմ եմ» կուսակցության առաջին համարը Սպարտակ Կյուրեղյանն է։ Նա աշխատում է «Զելըս» ՓԲԸ-ում որպես խորհրդատու։
Կյուրեղյանն ունի 37.32 և 53.49 քմ մակերեսներով երկու բնակարան, կառուցվող շենքում 106 քմ մակերեսով բնակարանի և 18.6 քմ մակերեսով ավտոտնակի գնման իրավունք։
«Բոլորին դեմ եմ»-ի առաջին համարը հայտարարագրել է 2020 թվականի արտադրության «Tesla model Y» մակնիշի ավտոմեքենա։
Հաշվետու ժամանակահատվածում Կյուրեղյանը «Այբբենգիմ» ՓԲԸ-ին բաժնետոմսերի վաճառքից ստացել է 288 մլն 250 հազար դրամ։
«Զելըս» ՓԲԸ-ին բաժնետոմսերի վաճառքից Սպարտակ Կյուրեղյանը ստացել է 52 մլն դրամի եկամուտ։ Նույն ընկերությունից նա 9.3 մլն դրամ աշխատավարձ է ստացել։
«Բուտեխ» ՓԲԸ-ից, որպես աշխատավարձ, Կյուրեղյանը ստացել է 8,450 դրամ, «Թի Էյ Բիզնես Կենտրոն» ՍՊԸ-ից` 11.5 մլն դրամ և «Գոյա» ՓԲԸ-ից 1.3 մլն դրամ։
Կյուրեղյանը հայտարարագրել է 102 մլն դրամ և 37 հազար դոլար։
«Այբբենգիմ գույք» ՓԲԸ-ում, «Բալիստիք» ՓԲԸ-ում, «Բուտեխ» ՓԲԸ-ում և «Ա 3» ՍՊԸ-ում Սպարտակ Կյուրեղյանը փայատեր է։
3. «Ուժեղ Հայաստան» դաշինք
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարը Նարեկ Կարապետյանն է։ Նա «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն է։
Կարապետյանը հայտարարագրել է Տաշիր համայնքի Լեռնահովիտ գյուղում 0.188 հա մակերեսով մեկ բնակելի տուն և 12 հողամաս՝ ընդհանուր 3.44 հա մակերեսով։
Կարապետյանը 128.4 քմ մակերեսով բնակելի տուն ունի Մոսկվայում։
0.4 հա մակերեսով մեկ հողամաս էլ Կարապետյանն ունի Վահագնի թաղամասում։
Նարեկ Կարապետյանը հայտարարագրել է 2025 թվականի արտադրության «Toyota Camry» և 2021 թվականի արտադրության «Mercedes Benz»։
Հաշվետու ժամանակահատվածում Կարապետյանը 675.000 դրամ աշխատավարձ է ստացել «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ից և 56.2 մլն դրամ նվիրատվություն Արթուր Հովագիմյանից։
Նարեկ Կարապետյանի դրամական միջոցները կազմել են 16.5 մլն դրամ, 1.8 մլն դոլար և 2.1 մլն եվրո։
«Տաշիր ագրո» ՓԲԸ-ի 100%-ը, «Սյունէներգաշին» ՓԲԸ-ի 98.8%-ը և «Թի թաուեր» ՓԲԸ-ի 50%-ը պատկանում են Նարեկ Կարապետյանին։
4. «Հայաստանի Շնորհապետական» կուսակցություն
«Հայաստանի Շնորհապետական» կուսակցության ցուցակը գլխավորող Գուրգեն Սիմոնյանն անշարժ գույք չունի։ Նա հայտարարագրել է 2015 թվականի արտադրության «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա։
Սիմոնյանը նախորդ 12 ամիսներին 210 հազար դրամ աշխատավարձ ստացել է Սլավոնական համալսարանից, 278 հազար դրամ՝ «Մխիթարեան կրթահամալիր» հասարակական կազմակերպությունից։
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Սիմոնյանն ունեցել է 10.1 մլն դրամ։
5. «Նոր ուժ» ռեֆորմիստական» կուսակցություն
«Նոր ուժ» կուսակցության ցուցակի առաջին համարը Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանն է։ Մարությանը հայտարարագրել է Չեխիայում գտնվող 5 բնակարան` 72.54, 62.70, 51.96, 48.93 և 56.75 քմ մակերեսներով, 2 բնակելի տուն՝ 116 և 252.84 քմ մակերեսներով, 5 ավտոկայանատեղի և հասարակական նշանակության 5 տարածք։ Չեխիայում Մարությանը ունի նաև 7 հողամաս` ընդհանուր 3844 քմ մակերեսով։
Եվրոպական մեկ այլ երկրում՝ Ավստրիայում, Հայկ Մարությանն ունի 3 բնակարան՝ 62.79, 41.4 և 53.7 քմ մակերեսներով։
Երևանում Մարությանն ունի մեկ բնակարան՝ 34.2 քմ մակերեսով և բնակելի տուն՝ 92.5 քմ մակերեսով։
Մարությանն, ըստ հայտարարագրի, գործազուրկ է։ Նա նախորդ 12 ամիսներին գույքի վաճառքից ստացել է 7 մլն 200 հազար չեխական կրոն և 65 մլն դրամ։ Անշարժ գույքի վարձավճարներից նրա ստացած եկամուտը կազմել է 2 մլն չեխական կրոն և 34 հազար 671 եվրո։ Մարությանն անցնող տարում 80.000 եվրո նվիրատվություն է ստացել Եվա Ջակեսովայից։
«ԱԱԱ փրոջեքթս» ՍՊԸ-ից, որի 100% բաժնետերն ինքն է, որպես շահաբաժին ստացել է 17 մլն դրամ և 6 հազար 316 եվրո։
Հայկ Մարությանի դրամական միջոցները կազմել են 76.1 մլն դրամ, 2.6 մլն չեխական կրոն (46 մլն 813 հազար դրամ), 122 հազար 733 եվրո և 154 հազար 673 դոլար։
6. «Միասնության թևեր» կուսակցություն
«Միասնության թևեր» կուսակցության ցուցակը գլխավորում է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ Նա հայտարարագրել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող 183.95 քմ մակերեսով բնակարան, 25.5 քմ մակերեսով հողատարածք և 25.9 քմ մակերեսով ավտոկայանատեղի։
Արման Թաթոյանը Հայաստանի ամերիկյան համալսարանից ստացել է 33.4 մլն դրամ աշխատավարձ, ԵՊՀ-ից՝ 514 հազար դրամ, իսկ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամից՝ 5.9 մլն դրամ։
Թաթոյանի դրամական միջոցները կազմել են 80 մլն դրամ և 55.700 դոլար։
7. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջին համարը կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանն է։ Նա հայտարարագրել է Կոտայքի մարզում գտնվող 13 հողամաս՝ ընդհանուր 61.388 քմ մակերեսով, անհատական բնակելի տուն՝ 5234 քմ մակերեսով, 7 շենք–շինություն` ընդհանուր 8189 քմ մակերեսով և հողին ամրակցված 2 այլ գույք՝ 8169 և 329.8 քմ մակերեսներով և Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 131.4 քմ մակերեսով բնակարան։
Ծառուկյանը տարբեր մակնիշի 19 ավտոմեքենա ունի՝ 2004-2023 թվականների արտադրության։ Իսկ թանկարժեք գույքի ցանկը կարելի է երկար թվարկել՝ ադամանդե ու ոսկյա մատանիներ, ջահեր, վարագույրներ, կահույք և այլն։ Ընդհանուր առմամբ, Ծառուկյանն ունի 6 մլն 466 հազար եվրո և 7 մլն 313 հազար դոլար արժեքով թանկարժեք գույք։
Հաշվետու ժամանակահատվածում ԲՀԿ առաջնորդը որդուց՝ Նվեր Ծառուկյանից, ստացել է 1 մլրդ 367 մլն դրամի նվիրատվություն, «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից՝ 4 մլրդ 180 մլն դրամ շահաբաժին և 950 մլն փոխառություն, «Օլիմպավան» ՍՊԸ-ից՝ 174 մլն դրամ փոխառություն, «Մուլտի ուելնես կենտրոն» ՍՊԸ-ից՝ 292 մլն դրամ շահաբաժին և 61.7 մլն դրամ փոխառություն, «Ֆիրմա նյու» ՍՊԸ-ից՝ 865 մլն դրամ փոխառություն, բաժնեմասերի օտարումից՝ 1.8 մլն եվրո, «Գլոբալ մոթորս» ՍՊԸ-ից՝ 5.4 մլն դրամ վարձավճար, «Զվարթնոց հենդլինգ» ՓԲԸ-ից՝ 1 մլրդ 520 մլն դրամ շահաբաժին, «Մուլտի մոթորս» ՍՊԸ-ից՝ 2.7 մլն դրամ վարձավճար, «Մուլտի սիս» ՍՊԸ-ից՝ 3.5 մլն դրամ շահաբաժին, «Ֆայն քարս» ՍՊԸ-ից՝ 15.2 մլն դրամ շահաբաժին և «Կոնվերս բանկ»-ից՝ 25.000 դրամ բանկային տոկոս։
Գագիկ Ծառուկյանի դրամական միջոցները կազմել են 3 մլրդ 450 մլն դրամ, 26.7 մլն դոլար, 5.4 մլն եվրո և 2.3 մլն ռուբլի։
ԲՀԿ ղեկավարը 56 ընկերությունում 20-ից մինչև 100% մասնաբաժին ունի։




















