Մասշտաբային խարդախություն` Փարիզում. բացահայտվել է ՊՍԺ-ի խաղերի տոմսեր կեղծող խմբավորում
- 1 hour ago
- 1 min read

Փարիզում իրավապահ մարմինները բացահայտել և վնասազերծել են հանցավոր խմբավորում, որը զբաղվել է ՊՍԺ-ի հանդիպումների տոմսերի կեղծմամբ։
Ինչպես հաղորդում է հեղինակավոր Le Parisien պարբերականը, խարդախության հետևանքով տուժել է մոտ 2000 երկրպագու, իսկ ընդհանուր վնասը կազմել է շուրջ 40 հազար եվրո։ Մարտի սկզբին Փարիզի կիբերոստիկանությունը (BL2C) ավարտել է հետաքննությունը, որի արդյունքում բացահայտվել է շուրջ երկու տարի գործած խարդախության լայնամասշտաբ սխեման։
Գործով գլխավոր կասկածյալը 22-ամյա Աինիս Դ.-ն է։ Երիտասարդը սոցիալական ցանցերում ստեղծել է կեղծ տոմսերի վաճառքի համակարգ՝ առաջարկելով տոմսեր ինչպես ՊՍԺ-ի՝ «Պարկ դե Պրենս» մարզադաշտում կայանալիք տնային, այնպես էլ արտագնա խաղերի համար։ Երկու տարվա ընթացքում նրա էջը հավաքել է ավելի քան 13 հազար հետևորդ, որոնք վստահել են վաճառողին։
Հանցավոր գործունեությունը հնարավոր է եղել կասեցնել միայն այն բանից հետո, երբ հունվարի 28-ին ՊՍԺ-ի ղեկավարությունը պաշտոնական դիմում է ներկայացրել ոստիկանություն։
Նշվում է, որ հարցաքննության ժամանակ գլխավոր կասկածյալն ընդունել է իր մեղքը։ Նրան արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել խարդախության, կեղծ փաստաթղթերի օգտագործման և փողերի լվացման համար։




















