top of page

Փաշինյանը հրավիրում է ավտոերթով Գյումրի գնալ․ այցելելու են եկեղեցիներ, ռեստորաններ, հետո լսելու են «Վարչաբենդի» ելույթը

  • 2 hours ago
  • 1 min read

Սիրելի քաղաքացիներ․ կիրակի օրը, ապրիլի 19-ին մեծ ավտոերթով նշում ենք Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածի բացումը։ 

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով, թե ովքեր ու ինչպես կարող են միանալ երթին։ 

«Մասնակցության համար կարող եք գրանցվել ստորև բերվող QR կոդի միջոցով։ Մասնակցության համար, բնականաբար, պետք է ներկայանալ ավտոմեքենայով, բայց իհարկե, մեքենայի մեջ կարող են լինել ուղևորներ։  

Ավելին, անհրաժեշտ է առնվազն մեկ ուղևոր՝ ուղղորդողի կարգավիճակով, որովհետև երթը կարգավորվելու է իմ ֆեյսբուքյան այս էջի ուղիղ եթերում և վարորդի կողքի նստատեղին պետք է նստած լինի ուղղորդողը, որպեսզի հետևի եթերին և տեղեկատվություն փոխանցի վարորդին։  

Երթի մասնակից համարվելու են միայն գրանցված ավտոմեքենաները։ Ծառայողական ավտոմեքենաների մասնակցությունը երթին արգելվում է, բացի պետական պահպանության ներքո գտնվող անձանց սպասարկող մեքենաները։ Մեկնարկի տեղի և ժամի մասին գրանցված վարորդներին կտեղեկացնենք հեռախոսազանգով։ 

Իսկ պլանը հետևյալն է․ գնում ենք Գյումրի, Գյումրիում այցելում ենք թանգարաններ, եկեղեցիներ, սրճարաններ, ռեստորաններ, զբոսնում ենք Գյումրիում, շփվում ենք։  

Ժամը 17․00-ին Վարդանանց հրապարակում տեղի է ունենալու համերգ, որտեղ ելույթ է ունենալու նաև «Վարչաբենդը»։  

Վերադարձը տեղի է ունենալու ոչ երթով։ Միասին լավ օր անցկացնենք Գյումրիում»,- գրել է վարչապետը։

1/2642
bottom of page