Եվրոպայում սրընթաց կերպով տարածվում է վտանգավոր «սուպերսունկը»
- Ani

- 7 hours ago
- 1 min read

Բրիտանական The Sun պարբերականը գրում է, որ եվրոպական երկրներում սրընթաց կերպով աճում են բուժման նկատմամբ բարձր կայունության Trichophyton indotineae սնկով վարակման դեպքերը։ Այդ պատճառով մասնագետներն այն արդեն «սուպերսունկ» են անվանում։
Մանչեսթերի համալսարանի վարակիչ հիվանդությունների փորձագետ Դեյվիդ Դենինգի բնորոշմամբ՝ վարակն ի հայտ է գալիս քոր առաջացնող կարմիր ցաներով, որոնք ամենից հաճախ հայտնվում են աճուկին, ազդրերին և նստատեղին։
Պարբերականը նշում է, որ Մեծ Բրիտանիայում դեպքերը վերջին երեք տարիների ընթացքում աճել են գրեթե 500%-ով։ Փոխանցումը տեղի է ունենում վարակված անձի հետ շփման, ինչպես նաև աղտոտված առարկաների և մակերեսների միջոցով։ Վարակի փոխանցումը հնարավոր է նաև սերտ ֆիզիկական շփման միջոցով։ Հիվանդությունը կյանքին վտանգ չի սպառնում, սակայն սնկի կայունության պատճառով բուժումը կարող է շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ տևել։
Դեննինգն ընդգծում է, որ իրավիճակը կարող է լայնածավալ համաշխարհային խնդրի վերածվել։
The Sun-ի տվյալներով՝ վերջին տասը տարիների ընթացքում վարակը հայտնաբերվել է ավելի քան 20 երկրներում, ներառյալ՝ Գերմանիայում և Միացյալ Նահանգներում։




















