top of page

Ձեթը թանկացել է 18.6%-ով, մակարոնեղենը՝ 8.2%-ով. 12-ամսյա գնաճը հոկտեմբերին. Hetq.am

  • Writer: Ani
    Ani
  • 2 hours ago
  • 1 min read

ree

2025 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում թթվասերը թանկացել է 5.6%-ով, կաթնաշոռը՝ 5.2%-ով, մածունը՝ 4.8%-ով, կաթը՝ 4%-ով։ Տվյալները հրապարակել է Վիճակագրական կոմիտեն։ 

Կաթնամթերքի գները կտրուկ բարձրացել են հոկտեմբերին։ Մինչդեռ նախորդ ամիսներին 12-ամսյա գնաճը բավականին ցածր է եղել, անգամ գնանկումներ են գրանցվել։ Իսկ հոկտեմբերի գնաճն անզեն աչքով էլ ակնհայտ էր։

Պաշտոնական վիճակագրությամբ՝ միայն հոկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, կաթնամթերքի առանձին տեսակներ մինչև 5%-ով թանկացել են։ 

Թե ինչու կաթնամթերք արտադրողները մի քանի օրում միաբերան կտրուկ բարձրացրին գները, այդպես էլ ո՛չ արտադրողների, ո՛չ էլ պատկան մարմինների կողմից բացատրություններ դեռևս չկան։ 

Ավելի վաղ մեզ հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը կասկած էր հայտնել, որ արտադրողներն իրար հետևելով, առանց տնտեսական հիմնավորման, բարձրացրել են գները։ Այս դեպքում մրցում են ոչ թե ցածր գին սահմանելով, այլ հակառակը՝ բարձր գներով։ 

Ամենատարածված կարծիքը, թե QR կոդերի կիրառումն է թանկացման հիմքը, փորձագետների մի մասի համար համոզիչ և սպառիչ չէ։ Առաջին հիմնավորումն այն է, որ դա չէր կարող այնքան մեծ ծախսեր առաջացնել տնտեսվարողների համար, որ օրինակ թթվասերը մեկ օրում 50-60 դրամով թանկանար։

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը նախաուսումնասիրում է կաթնամթերքի գների բարձրացման թեման։ Թե դա կոնկրետ ինչ է ենթադրում և ինչ քայլեր են արվում, հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը չմանրամասնեց՝ նշելով, որ դա կարող է խանգարել նախաուսումնասիրությանը։ 

Թե երբ կորոշվի՝ կա՞ն այստեղ հիմքեր վարույթ հարուցելու, առայժմ հայտնի չէ։ Չի բացառվում, որ դա ամիսներ տևի։ 

1/2423
bottom of page