Մեր քաղաքացիներն ահազանգում են, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեկտեմբերին և հունվարին էլեկտրաէներգիայի համար վճարել են անհամեմատ ավելի շատ. Դանիելյան
- 2 hours ago
- 1 min read

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեկտեմբեր և հունվար ամիսներին էլեկտրաէներգիայի համար վճարել են անհամեմատ ավելի շատ՝ կրկնակի, եռակի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Նույնիսկ այն քաղաքացիների դեպքում, որոնք այս ամիսներին մեծամասամբ բացակայել են տանից, կազմել է բավականին մեծ գումար։
Սա տարակուսանք է առաջացրել հանրության շրջանում։ Այդ ինչպե՞ս են հաշվել էլեկտրաէներգիայի դիմաց վճարման հաշիվներն այն դեպքում, երբ սպառման ծավալների փոփոխություն չի եղել։
Ինչպես Էրեբունի համայնքում օրեր շարունակ էլեկտրականության անջատման և փոխհատուցման անհրաժեշտության, այնպես էլ այս հարցով դիմել էի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Խնդրի վերաբերյալ ՀԾԿՀ-ն տվել է ոչ բավարար պատասխան՝ հայտնելով, որ 2026 թվականի հունվար ամսին Հանձնաժողով ներկայացվել է նմանօրինակ ընդամենը 1 դիմում։
Մեր այն հայրենակիցները, որոնք բախվել են խնդրին, կխնդրեմ, որպեսզի արձագանքեն մեկնաբանություններում․ գուցե այսպես «ՀԷՑ»-ի և ՀԾԿՀ-ի համար ավելի տեսանելի դառնա հանրային դժգոհությունը։
Հետևողական եմ լինելու, որպեսզի հարցն, ի վերջո, պարզաբանվի։ Մեր հայրենակիցները թալանի միջոց չեն»,-գրել է նա:




















