top of page

Օրալ հակաբեղմնավորիչներն ուժեղացնում են «կոնտեքստուալ վախը»

  • Writer: Ani
    Ani
  • 2 hours ago
  • 1 min read

Գիտնականները պարզել են, որ բերանի հակաբեղմնավորիչների ընդունումը կարող է երկար ժամանակով փոփոխել անվտանգ իրավիճակների նկատմամբ ուղեղի արձագանքը՝ ուժեղացնելով այսպես կոչված «կոնտեքստուալ վախը»: Այս եզրակացություններին են հանգել Neuropsychopharmacology ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները:

Փորձին մասնակցել են 147 առողջ մեծահասակներ՝ տղամարդիկ, բնական դաշտանային ցիկլ ունեցող կանայք և նախկինում հակաբեղմնավորիչներ օգտագործած կանայք: Փորձարկվողներն անցել են վախի ձևավորման և մարման երկօրյա արձանագրություն, որի ընթացքում հետազոտողները գրանցել են մաշկա-գալվանական ռեակցիաները և ուղեղի ակտիվությունը: Պարզվել է, որ ինչպես ներկայումս հակաբեղմնավորիչներ օգտագործողները, այնպես էլ նախկին օգտվողները վախի ուժեղացված արձագանք են դրսևորել անվտանգ միջավայրում՝ համեմատած այն կանանց հետ, ովքեր երբեք չեն ընդունել նմանատիպ դեղամիջոցներ:

Ազդեցությունն առավել նկատելի է եղել այն կանանց մոտ, ովքեր ընդունել են էթինիլէստրադիոլի բարձր չափաբաժին պարունակող դեղամիջոցներ։ Նեյրովիզուալիզացիան ցույց է տվել, որ վախի ուժեղացված արձագանքներն ուղեկցվել են հիպոկամպի և վենտրոմեդիալ նախաճակատային կեղևի ակտիվության նվազմամբ. սրանք ուղեղի այն հատվածներն են, որոնք պատասխանատու են անվտանգ միջավայրի ճանաչման և տագնապային ռեակցիաների զսպման համար:

Հետազոտության հեղինակները նշում են, որ արտաքին հորմոնները կարող են խաթարել շրջակա միջավայրից «անվտանգության ազդանշաններ» ստանալու ուղեղի ունակությունը։ Ընդ որում, ազդեցությունը պահպանվում է նույնիսկ հակաբեղմնավորիչների ընդունումը դադարեցնելուց հետո։ Ըստ գիտնականների՝ այս տվյալներն օգնում են հասկանալ, թե ինչու են տագնապային խանգարումները և հետտրավմատիկ վիճակները կանանց մոտ հանդիպում ավելի հաճախ, քան տղամարդկանց մոտ:

1/2503
bottom of page