Փաշինյանին կհանձնվի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման
- Ani

- 2 hours ago
- 2 min read

Հայտնի են Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակի 2026 թվականի մրցանակակիրները։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։
Մրցանակի հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիրը արժանանում է բարձր գնահատանքի՝ որպես երկու պետությունների կողմից իրականացվող խաղաղության, երկխոսության, հարաբերությունների կարգավորման և հակամարտության լուծման գործընթաց։ Այն ընդգծում է, որ հաշտեցումը մեկանգամյա գործողություն չէ, այլ՝ շարունակական և հետևողական ուղի։
«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամն ընդգծել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարունակական, հետևողական և սկզբունքային ջանքերը՝ ուղղված խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։ Մրցանակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին կհանձնվի փետրվարին՝ Աբու-Դաբիում։
2026 թվականի մրցանակակիրները ընտրվել են անկախ, համաշխարհային մակարդակի դատավորական հանձնաժողովի կողմից, որը բաղկացած է երկխոսության և համակեցության ոլորտում ճանաչված հեղինակավոր գործիչներից և փորձագետներից։ Հանձնաժողովի անդամներն են՝ Եվրոպական խորհրդի նախկին նախագահ և Բելգիայի Թագավորության նախկին վարչապետ՝ Նորին Գերազանցություն Շառլ Միշել, Աֆրիկյան միության հանձնաժողովի նախկին նախագահ և Չադի Հանրապետության նախկին վարչապետ՝ Նորին Գերազանցություն Մուսա Ֆակի Մահամաթ, Սուրբ Աթոռի Մշակույթի և կրթության դեպարտամենտի պրեֆեկտ՝ Նորին Սրբազանություն Կարդինալ Ժոզե Տոլենտինո դե Մենդոնսա, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն՝ Քեթրին Ռասել, Ուզբեկստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար՝ Սաիդա Միրզիյոևա, ինչպես նաև Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակի գլխավոր քարտուղար՝ Նորին Գերազանցություն դատավոր Մուհամմադ Աբդելսալամը։
«Մարդկային եղբայրության» մրցանակը 2026 թվականի թողարկման համար ստացել է առաջադրման ռեկորդային քանակ՝ ավելի քան 75 երկրներից ներկայացված թեկնածուներով։ Առաջադրումները կատարվել են իրավասու առաջադրողների սահմանափակ շրջանակի կողմից, այդ թվում՝ պետությունների ղեկավարների, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և փոփոխություններ իրականացրած նշանակալի ձեռքբերումներ նունեցած երիտասարդների համար։
Ընդհանուր առմամբ, մրցանակին ստացվել է ավելի քան 350 առաջադրում, որոնցից առաջատար հինգ երկրներն են՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Միացյալ Նահանգները, Իտալիան, Կանադան և Եգիպտոսը։ Պարգևատրման հանդիսավոր արարողությունը կկայանա 2026 թվականի փետրվարի 4-ին՝ Աբու Դաբիում, որը համընկնում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված Մարդկային եղբայրության միջազգային օրվա հետ։ Մրցանակը կոչվել է Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիր, հանգուցյալ Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի պատվին և ճանաչում է անհատների ու կազմակերպությունների՝ անկախ նրանց ծագումից կամ գտնվելու վայրից, որոնք անշահախնդիր և անդադար աշխատում են մարդկային եղբայրությունն առաջ մղելու և խաղաղ համակեցության համար նշանակալի առաջընթաց ապահովելու ուղղությամբ։ Մրցանակի հիմնադրումից ի վեր՝ 2019 թվականից, այն արդեն ճանաչել է 16 մրցանակակրի՝ 15 երկրից։ Մրցանակի ստեղծումը հաջորդել է Աբու Դաբիում տեղի ունեցած պատմական հանդիպմանը՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու 266-րդ առաջնորդ, հանգուցյալ Նորին Սրբություն Պապ Ֆրանցիսկոսի և Ալ-Ազհարի մեծ իմամ, Նորին գերազանցություն Ահմեդ Ալ-Թայեբի միջև, որի ընթացքում նրանք համատեղ ստորագրել են Մարդկային եղբայրության փաստաթուղթը։ Նախորդ մրցանակակիրների թվում են՝ Ալ-Ազհարի մեծ իմամ Ահմեդ Ալ-Թայեբը, հանգուցյալ Պապ Ֆրանցիսկոսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ծայրահեղականության դեմ պայքարի ակտիվիստ Լաթիֆա Իբն Զիաթենը, Հորդանանի Հաշիմյան Թագավորության Նորին Մեծություններ Թագավոր Աբդալլահ Երկրորդը և Թագուհի Ռանիա Ալ Աբդալլահը, Հայիթիի «Գիտելիք և ազատություն» հիմնադրամը, «Սանտ’Էջիդիո» համայնքը, քենիացի խաղաղարար Շամսա Աբուբաքար Ֆադիլը, ինդոնեզական բարեգործական կազմակերպություններ՝ Նահդլաթուլ Ուլաման և Մուհամմադիյան, աշխարհահռչակ սրտաբան, պրոֆեսոր Սըր Մագդի Յակուբը, չիլիական հասարակական գործիչ, քույր Նելի Լեոն Կոռեան, Բարբադոսի վարչապետ Միա Ամոր Մոթլին, սննդային օգնություն տրամադրող World Central Kitchen կազմակերպությունը և երիտասարդ գիտնական Հեման Բեքելեն։




















