Քանի տարի է՝ քաղաքական որոշման գերին ենք. Աշոտյանի գործով լինելու է արդարացման դատական ակտ. փաստաբան
- Ani

- 3 hours ago
- 1 min read

Օգոստոսից վկան հարցաքննվում էր, այսինքն՝ գրեթե չորս ամիս տևող հարցաքննությունն ավարտվեց: Շատ եմ ցավում, որ դատարանը կիրառում է այն կարգը, որ քաղաքացիների համար այն հասանելի չէ, հատկապես ուղիղ եթերով: Ամեն դեպքում մենք պարզեցինք շատ կարևոր հանգամանքներ, որոնք հետագայում, նաև մեր ելույթում ենք օգտագործելու: Իմ պատկերացմամբ, ոչ միայն մեղադրական բնույթ չէր կրում վկայի հարցաքննությունը, այլև որոշ հանգամանքների մասով ուղիղ արդարացման բնույթ էր կրում: Այս մասին Վերաքննիչ դատարանի բակում, 168.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատական գործի ընթացքին:
«Այս նիստերը նրա մասին են, որ Արմեն Աշոտյանի նկատմամբ տարիներ առաջ, տվյալ պահի քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, եղել է քաղաքական հետապնդում հարուցելու որոշում՝ քրեական գործի տեսքով, և տեսեք՝ քանի տարի ենք մենք այս քաղաքական որոշման գերին: Երբ որոշ ժամանակ անց ունենանք արդարացման դատարկ ակտ, որն ակնկալում ենք, մարդիկ նույնիսկ մոռանալու են, որովհետև հիմա ունենք տասնյակ քաղբանտարկյալներ, մարդիկ հիմա դրա վրա են կենտրոնացած, որովհետև ունենք չորս բանտարկված հոգևորականներ, ունենք խոսքի ազատության համար բանտարկված մեդիագործիչներ, ազգային բարերար»,-նշել է նա:
Փաստաբանն ասել է, որ Արմեն Աշոտյանի գործը նրա մասին է, որ ժամանակին բժշկական համալսարանի համար ձեռք է բերվել անշարժ գույք, որը ոչ միայն վնաս չէր համալսարանի համար, այլև օգտակար էր, և դրանք մարդիկ մինչև այսօր օգտագործում են:
«Հարցաքննությունը շարունակվում է, հունվարին է մեր հաջորդ նիստը: Դատակոչի ցուցակում, եթե չեմ սխալվում, ունենք երեք վկա: Դատակոչի ավարտվելուն պես անցում է կատարվելու գրավոր ապացույցներին»,-տեղեկացրել է Մելիքյանը:
Նա հավելել է, որ սրանք դեռ մեղադրական կողմի ապացույցներն են, և, որ իրենք միջնորդություններ ունեն նաև իրենց ապացույցները հետազոտելու հետ կապված:




















