Նախորդ գիշեր արձանագրեցինք օդի որակի էական վատթարացում. Ավինյան
- Ani

- 1 hour ago
- 1 min read

Օդի որակի խնդիրը սրվում է հենց ձմեռվա ամիսներին, քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Նախորդ գիշեր արձանագրեցինք օդի որակի էական վատթարացում՝ պայմանավորված ՀՀ տարբեր հատվածներում խոշոր հրդեհներով, մասնավորապես՝ Ճամաբարակում խոշոր հրդեհ էր։
Այս տեսակ հրդեհները և իրենցից արտանետված տոքսիններն էականորեն ավելի վտանգավոր են, քան շինարարական փոշին, քան այն փոշին, որի դեմ ինտենսիվորեն պայքարում ենք։
Ենթադրում եմ, որ շատերդ նաև տեսել եք ձեր կամ կողքի բակերում ինչ-որ մեկին, ով հավաքում է տերևներն ու վառում։ Սիրելի՛ երևանցիներ, տերևների և աղբի այդ փոքրիկ «վերամշակման գործարանները» ուղղակիորեն թունավորում են ձեզ, շրջակա միջավայրն ու երեխաներին։
Պետք է հասկանանք նաև թունավորման աստիճանը: Երբ անընդհատ խոսում ենք շինարարական փոշուց և դրա դեմ պայքարում ենք, դա մոտ 3-5 անգամ ավելի նվազ վնասակար է:
Ձմռան ամիսներին օդի շարժը շատ ավելի դանդաղ է, այսինքն, եթե մի հատվածում որևէ բան այրվեց, ժամերով էդ տոքսինները մնում են օդում»,- ասաց Տիգրան Ավինյանը։
Նա նշեց, թե խոսելուց բացի, պետք է որոշակի գործիքակազմ ստեղծել.
«Մի քանի մեշոկ տերևն աղբամանին ուղղակի չհասցնելու համար բակում վառելը և ամբողջ շրջակա միջավայրը թունավորելը նորմալ չէ»։




















