Խաբի Ալոնսոն խոսել է Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում «Ատլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակի և եզրափակիչ դուրս գալու մասին
- Ani

- 17 hours ago
- 2 min read

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն Ջիդայի «Քինգ Աբդուլլահ» մարզադաշտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում «Ատլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակը և խոսել եզրափակիչ դուրս գալու մասին։
«Շատ լարված և ծանր հանդիպում էր։ Ֆեդեի արագ գոլը մեզ առավելություն տվեց և մի փոքր փոխեց խաղի ընթացքը, քանի որ մենք արդեն պաշտպանելու բան ունեինք։ Առաջին խաղակեսում գրեթե խնդիրներ չունեցանք։ Սա կիսաեզրափակիչ էր, իսկ այս թիմը հիանալի գիտի՝ ինչպես խաղալ նման փուլերում և ինչպես մրցակցել։ Նպատակը եզրափակիչ հասնելն էր։ Մենք ուրախ ենք։ Իմացել ենք, որ բարդ է լինելու, և երեկ խոսել էինք այն մասին, որ չպետք է մոռանալ առաջնության խաղը։ Մեզ էներգիա էր պետք մենապայքարներում, և մենք գիտեինք, որ որոշ բաներ կարող ենք ավելի լավ անել։ Ի վերջո, մենք կիրակի օրը պայքարելու ենք գավաթի համար։
Վալվերդեն հիանալի հանդիպում անցկացրեց։ Ոչ միայն գոլի և գոլային փոխանցման համար, այլև այն էներգիայի, որը նա հաղորդում է թիմին թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում։ Նա շատ ինտենսիվ է, դա նրա մրցակցային գենն է։ Ես շատ ուրախ եմ նրա համար․ գոլը նրան լրացուցիչ վստահություն հաղորդեց։ Դա Ֆեդեի ոճով դասական գոլ էր՝ ֆանտաստիկ հարված։
Առաջին հերթին, ես միշտ փորձում եմ հարգալից լինել մրցակից թիմի խաղացողների նկատմամբ և սովորաբար չեմ խոսում նրանց հետ։ Երբ կարդացի և լսեցի, թե ինչ է Սիմեոնեն ասել Վինիսիուսին, դա ինձ դուր չեկավ։ Նրա ասածը մարզական արդար խաղի օրինակ չէ, և ինձ համար ոչ ամեն ինչ է թույլատրելի։ Պետք է հարգել մրցակցին, և այն ամենը, ինչ կատարվում է խաղադաշտում, պետք է սահման ունենա։
Ռուդիգերը ծնկի հետ կապված խնդիրներ ուներ, նա մեծ ջանքեր գործադրեց, բայց այլևս չէր կարող շարունակել։ Ռաուլը նույնպես հոգնել էր, և մեզ պաշտպանական գծում թարմ ուժեր էին պետք։ Ֆրանն ու Ֆերլանը լավ մտան խաղի մեջ, իսկ Ջուդի՝ կենտրոն տեղափոխվելով, մենք կարողացանք ավելի շատ փոխանցումներ կատարել և կայունացնել խաղը։ Պետք է հասկանանք կիրակի օրվա անելիքները և տեսնենք՝ արդյոք կկարողանանք վերականգնել մյուս ֆուտբոլիստներին։
Եզրափակիչը տարբերվելու է։ Մբապեն վաղը կմեկնի մեզ հետ։ Նա իրեն շատ ավելի լավ է զգում, մարզվել է և լավ վիճակում է։ Նրա՝ խաղալու շանսերը նույնն են, ինչ թիմի մյուս անդամներինը»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը։




















