18-ամյա երիտասարդը «Հայ Էկոնոմ» բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկու լրացուցիչ ստուգումներով պարզվել է, որ ոսկին կեղծ է և պարունակում է այլ մետաղներ
- 2 hours ago
- 1 min read

Ապրիլի 8-ին խարդախության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժին է դիմել Երևանի բնակիչ 62-ամյա Լևոն Մ․-ն և հայտնել, որ մարտի 2-ին «Հայ Էկոնոմ» բանկի Իսահակյան փողոց 12 հասցեում գտնվող մասնաճյուղում Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Արտաշես Ա․-ն ձևակերպել է ոսկու գրավով վարկ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Լևոն Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ բանկի համապատասխան աշխատակիցների կողմից կատարվել են լրացուցիչ ստուգումներ և պարզվել է, որ Արտաշես Ա․-ի կողմից գրավադրված ոսկին կեղծ է և պարունակում է այլ մետաղներ։
Նույն օրը ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների կողմից Արտաշես Ա․-ն խարդախություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարաշի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։




















