Հայկական ձուկը հիմա Ռուսաստանին պետք չէ․ հունիսի 2-ից կդադարեցվի արտահանումը
- 1 hour ago
- 1 min read

Հայաստանից Ռուսաստան ձկնամթերքի արտահանումը ժամանակավորապես կսահմանափակվի։ Ռուսական կողմի պահանջով հունիսի 2-ից կդադարեցվի հայկական ընկերությունների կողմից կենդանի ձկան և ձկնամթերքի վավերացումը, բացառությամբ երկու գործարանի։
«Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») հայտարարել է, որ հունիսի 2-ից հայկական կողմը պետք է կասեցնի դեպի ՌԴ արտահանվող ձկնամթերքի անասնաբուժական սերտիֆիկատների տրամադրումը։ Այս սահմանափակումը տարածվում է տեղական գրեթե բոլոր արտադրողների վրա և գործելու է մինչև խնդրի ամբողջական կարգավորումը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ որոշման հիմք են հանդիսացել վերջերս իրականացված ստուգումների արդյունքները, որոնք գնահատվել են անբավարար։ Հայաստանի ձկնվերամշակման ձեռնարկություններում անցկացված տեսչական այցերի արդյունքում արձանագրվել են անվտանգության չափանիշների անհամապատասխանություններ։
Սահմանված արգելքից բացառություն կկազմեն միայն երկու հայկական ընկերություններ, որոնք հաջողությամբ անցել են համապատասխան ստուգումները։ Այս գործարանների արտադրանքը կշարունակի մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն, սակայն բացառապես անվտանգության ցուցանիշների լաբորատոր մոնիթորինգի և խստացված վերահսկողության պայմաններում»,- ասվում է հայտարարության մեջ։




















