Անչափահասների բռնությունների հարցով նախարարության քաղաքականությունը խստացրել եմ. Արփինե Սարգսյան
- 6 hours ago
- 1 min read

Անչափահասների բռնության հարցով նախարարությունը խստացրել է քաղաքականությունը, ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով նման դեպքերի կրկնությանը, մասնավորապես, մի քանի օր առաջ համադասարանցիների կողմից 13-ամյա երեխայի հերթական ծեծի դեպքին։
Ըստ նախարարի՝ նման դեպքերի մասով ԿԳՄՍՆ-ն պետք է հետևողական լինի իրավապահներին միջնորդագրերի ուղարկմանը հարցում, որպեսզի ուսհաստատություններն ազդակ ունենան, որ նմանատիպ գործողություններն արձագանք կունենան։
«Իրավապահները իմանում են դեպքերի մասին օպերատիվ աշխատանքների շրջանակում։ Օրինակ, եթե հայրը, մայրը կամ երեխան ասում են, որ միջադեպը տեղի է ունեցել վայր ընկնելու հետևանքով, մենք բնականաբար բոլոր դեպքերի հետևից գնում ենք, և պարզվում է, որ ոչ թե ուղղակի սայթաքել է, այլ եղել է ծեծկռտուք, կամ անչափահասը ստացել է կոտրվածք կամ այլ վնասվածքներ»,– ասաց նա։
Նախարարի խոսքով՝ որքան էլ խոսենք անչափահասների լավագույն շահի մասին, դա երբեք չի կարելի շփոթել այն իրավիճակների հետ, որտեղ նրանք պետք է ստանան համապատասխան արձագանք։
«Եթե կան դեպքեր, երբ անչափահասները կատարում են անթույլատրելի գործողություններ, և պետության խիստ արձագանքը պարտադիր է, ապա այն պետք է լինի»,– ասաց նա՝ նշելով, որ եթե ուսհաստատությունները չեն տեղեկացնում իրավապահներին՝ այդ քայլերը ոչ թե պետք է գովաբանվեն, այլ համապատասխան արձագանք ստանան։
«Բոլորս պատասխանատու ենք անչափահասի ճիշտ վարքագծի կազմակերպման համար։ Առաջիկա տարիներին, եթե այս անձանց վարքագիծը ճիշտ չկառավարվի, մենք դա կնկատենք հանցավորության տարբեր դրսևորումների տեսքով»,– եզրափակեց նա։




















