Կայուն դեպրեսիայի բուժում. գիտնականները փորձարկում են իմունային թերապիան
- 1 day ago
- 2 min read

Գիտնականները հայտնել են դեպրեսիայի բուժման նոր մեթոդի առաջին խոստումնալից արդյունքների մասին, որն ուղղված է ոչ թե ուղեղի քիմիական գործընթացներին, այլ իմունային համակարգին:
Բրիստոլի համալսարանի գլխավորությամբ անցկացված պիլոտային կլինիկական հետազոտությունը ցույց է տվել, որ տոցիլիզումաբը՝ ռևմատոիդ արթրիտի բուժման համար կիրառվող հակաբորբոքային դեղամիջոցը, կարող է թեթևացնել բուժմանը չենթարկվող դեպրեսիա ունեցող պացիենտների ախտանիշները:
«JAMA Psychiatry» ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները վկայում են, որ դեղամիջոցն ընդունակ է նվազեցնել դեպրեսիայի, տագնապայնության ու հոգնածության արտահայտվածությունը, ինչպես նաև բարելավել պացիենտների կյանքի որակը:
Ժամանակակից հակադեպրեսանտների մեծ մասն ազդում է նեյրոմեդիատորների վրա (ինչպիսիք են սերոտոնինն ու դոֆամինը): Սակայն պացիենտների մոտավորապես մեկ երրորդը բավարար չափով չի արձագանքում ստանդարտ թերապիային, ինչն էլ գիտնականներին դրդում է փնտրել դեպրեսիայի հետ կապված այլ կենսաբանական մեխանիզմներ:
Վերջին տարիներին ավելի ու ավելի շատ հետազոտություններ են մատնանշում բորբոքային գործընթացների հնարավոր դերը դեպրեսիայի զարգացման մեջ: Նախկինում պարզվել էր, որ դեպրեսիա ունեցող մոտավորապես ամեն երրորդ մարդու արյան մեջ նկատվում է բորբոքային մարկերների բարձր մակարդակ:
Հետազոտողները հատուկ ուշադրություն են դարձնում ինտերլեյկին-6-ին (IL-6)՝ սպիտակուց, որը մասնակցում է օրգանիզմի իմունային ռեակցիաներին և որի կապը դեպրեսիայի հետ նկատվել էր դեռևս նախկինում:
Պարզելու համար, թե արդյոք IL-6-ի արգելակումը կարող է բարելավել պացիենտների վիճակը, գիտնականներն անցկացրել են չորսշաբաթյա պատահականացված վերահսկվող հետազոտություն: Դրան մասնակցել է բուժմանը չենթարկվող դեպրեսիայի միջին և ծանր ձևեր ու քրոնիկ բորբոքման նշաններ ունեցող 30 մարդ:
Մասնակիցներից 14-ը ստացել են տոցիլիզումաբ, իսկ մյուս 16-ը՝ պլացեբո: Չնայած հետազոտության փոքր ծավալին և արդյունքների սահմանափակ վիճակագրական նշանակալիությանը՝ հակաբորբոքային դեղամիջոց ընդունած պացիենտների շրջանում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է առողջական վիճակի ավելի զգալի բարելավում:
Հետազոտողների տվյալներով՝ տոցիլիզումաբ ստացած մասնակիցների 54%-ի մոտ հաջողվել է հասնել ռեմիսիայի, մինչդեռ պլացեբոյի խմբում այդ ցուցանիշը կազմել է 31%: Բացի այդ, դեղամիջոցը, ըստ ամենայնի, նպաստել է հոգնածության ու տագնապայնության նվազեցմանը և ընդհանուր ինքնազգացողության բարելավմանը:
Բրիստոլի համալսարանի պրոֆեսոր և հետազոտության առաջատար հեղինակ Գոլամ Խանդակարն այս աշխատանքն անվանել է կարևոր քայլ՝ դժվար բուժվող դեպրեսիա ունեցող մարդկանց համար թերապիայի նոր մեթոդների մշակման գործում:
Իսկ հետազոտության գլխավոր հեղինակ դոկտոր Էյմեր Ֆոլին նշել է, որ այս արդյունքները կարող են նպաստել հոգեկան խանգարումների բուժման ավելի անհատականացված մոտեցման հայտնվելուն, որի դեպքում կընտրվի թերապիան և հաշվի կառնվեն կոնկրետ պացիենտի կենսաբանական առանձնահատկությունները:
Գիտնականներն ընդգծել են, որ նախքան իմունոթերապիան ստանդարտ պրակտիկայում ներդնելը, անհրաժեշտ է անցկացնել ավելի մասշտաբային հետազոտություններ: Հաջորդ փուլը պետք է լինի խոշոր կլինիկական III ֆազան:




















