top of page

Ամստերդամ՝ նոր օդային ուղի Երևանից դեպի Եվրոպա FLYONE ARMENIA-ի չվացուցակում

  • 2 hours ago
  • 2 min read

FLYONE ARMENIA-ն՝ հայկական առաջին ազգային ավիաընկերությունը, հայտարարում է Երևան – Ամստերդամ – Երևան ուղղությամբ ուղիղ չվերթերի մեկնարկի մասին՝ ընդլայնելով իր եվրոպական թռիչքային աշխարհագրությունը և ամրապնդելով Հայաստանի և Նիդերլանդների միջև օդային կապը։

Մեկնարկի պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, որտեղ խորհրդանշական ժապավենը կտրել են Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ- Վինթերնը և FLYONE ARMENIA-ի գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։ Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ամերիկյան «AAR Corp.» ընկերության EMEA տարածաշրջանում վաճառքի և մարքեթինգի գծով պատասխանատու Փոլ Ռիչարդսոնը։


«Ես շատ ոգևորված եմ այս ուղիղ չվերթի բացմամբ։ Սա կարևոր քայլ է, որը նոր հնարավորություններ կստեղծի թե՛ զբոսաշրջության, թե՛ բիզնեսի, և թե՛ ընտանեկան կապերի զարգացման համար»,-նշել է դեսպանը։

«Այսօր մենք բացում ենք Երևան–Ամստերդամ նոր ուղղությունը, որը կարևոր նշանակություն ունի մեր թռիչքային ցանցի ընդլայնման համար։ Ամստերդամը հանդիսանում է կարևոր եվրոպական ավիացիոն հանգույց՝ ստեղծելով նոր հնարավորություններ մեր ուղևորների համար»,-նշել է ընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։

Նշենք նաև, որ Ամստերդամի «Սխիպհոլ» օդանավակայանի միջազգային թռիչքների հատվածում տեղի է ունեցել խորհրդանշական ժապավենի կտրման արարողություն, որին մասնակցել են Նիդերլանդներում ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովը, Հայաստանի պատվավոր հյուպատոս Վիլլի վան դե Կերկհոֆը, ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Անի Հակոբյանը, դեսպանի գործադիր օգնական Վրեժ Մադոյանը, ինչպես նաև FLYONE ARMENIA-ի գլխավոր տնօրենի տեղակալ Տիգրան Սերոբյանը։


Նոր ուղղության մեկնարկը էականորեն ընդլայնում է FLYONE ARMENIA-ի եվրոպական թռիչքային աշխարհագրությունը՝ ապահովելով Հայաստանի և Եվրոպայի քաղաքների միջև առավել լայն, հարմարավետ և հասանելի օդային հաղորդակցություն։

Հիշեցնենք, որ Երևան–Ամստերդամ–Երևան ուղղությամբ չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Ամստերդամի «Սխիպհոլ» (AMS) միջազգային օդանավակայան՝ շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին։ Տոմսերը հասանելի են flyone.am կայքում և FLYONE բջջային հավելվածում։

FlyOne Armenia-ի մասին․

FlyOne Armenia-ն (www.flyone.am) Հայաստանի Հանրապետության առաջատար ավիափոխադրողն է, որը հիմնադրվել է 2021 թվականին: Այն չվերթեր է իրականացնում դեպի ԱՊՀ, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներ շուրջ քսաներեք ուղղություններով, որոնց թիվը գնալով ավելանում է։ Իր գործունեության ընթացքում FlyOne Armenia-ն արդեն փոխադրել է ավելի քան երեք միլիոն ուղևոր: Ընկերության ժամանակակից նավատորմը ամբողջությամբ համապատասխանում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) անվտանգության չափանիշներին։

1/2621
bottom of page