35 տարեկան հասակում կյանքից հեռացել է իռլանդացի դերասան և սցենարիստ Մայքլ Փաթրիկը
- 2 hours ago
- 1 min read

«Գահերի խաղը» սերիալում իր դերակատարմամբ հայտնի իռլանդացի դերասան և սցենարիստ Մայքլ Փաթրիկը մահացել է 35 տարեկանում։ Այս մասին հայտնում People-ը։
2023 թվականի փետրվարին արտիստի մոտ ախտորոշվել էր շարժողական նեյրոնների անբուժելի հիվանդություն, որը հանգեցնում է շարժումների նկատմամբ վերահսկողության աստիճանական կորստի։ Մահվանից 10 օր առաջ նա տեղափոխվել էր Հյուսիսային Իռլանդիայի հոսպիսներից մեկը, որտեղ էլ կնքել է իր մահկանացուն։
«Միքը ոգեշնչման աղբյուր էր բոլոր նրանց համար, ովքեր բախտ են ունեցել շփվել նրա հետ՝ ոչ միայն հիվանդության վերջին տարիներին, այլև իր կյանքի ամեն մի օրը։ Ուրախություն, հոգու առատություն, վարակիչ ծիծաղ»,- ասել է դերասանի կինը՝ Նաոմի Շիհանը։
Հանդիսատեսին Փաթրիկը հիշվել է ոչ միայն Ջորջ Ռ. Ռ. Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանված շոուի շնորհիվ։ Նրա ֆիլմագրությունը ներառում է այնպիսի նախագծեր, ինչպիսիք են «Դարպասապահը» (2018), «Կրիպտոն» (2018–2019), «Կապույտ լույսեր» (2023)։ Ընդ որում, դերասանի վերջին հայտնվելը էկրաններին եղել է «Այս քաղաքը» (2024) սերիալում։
Արտիստը նշանակալի հաջողությունների է հասել նաև թատերական բեմում։ Մասնավորապես, նա մարմնավորել է Ռիչարդ III-ի դերը համանուն ներկայացման մեջ։ Ընդ որում, Փաթրիկը բեմ էր դուրս գալիս հաշմանդամի սայլակով, ինչի պատճառով բեմադրությունը հարմարեցվել էր նրա կարիքներին։ Այս աշխատանքի համար դերասանն արժանացել է բրիտանական հեղինակավոր մրցանակի։




















