«Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել՝ ո՛չ հրեշտակները, ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը, ո՛չ հուրը». այսօր Վարդանանց տոնն է, նաև՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության օրը
- 4 hours ago
- 1 min read

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների տոնը:
Վարդանանց տոնը հայ ժողովրդի պատմության ամենաառանցքային էջերից մեկն է։ Այն նվիրված է 451 թվականի մայիսին Ավարայրի դաշտում տեղի ունեցած ճակատամարտին, որտեղ հայկական զորքը՝ սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, դուրս եկավ պարսկական գերհզոր բանակի դեմ։ Սա պայքար էր հանուն խղճի ազատության, քրիստոնեական հավատքի և ազգային ինքնության պահպանման։ Թեև ճակատամարտում հայերը ռազմական առումով նահանջեցին, սակայն ռազմավարական հաղթանակը նրանցն էր, քանի որ պարսիկները հասկացան, որ հայերին բռնի ուժով կրոնափոխ անելն անհնար է։
5-րդ դարի կեսերին Սասանյան Պարսկաստանը որդեգրել էր ձուլման քաղաքականություն՝ պահանջելով հայերից հրաժարվել քրիստոնեությունից։ Հայ նախարարները և հոգևորականները Արտաշատի ժողովում մերժեցին այդ պահանջը՝ գրելով հայտնի պատասխան նամակը, որտեղ ասվում էր. «Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտել՝ ո՛չ հրեշտակները, ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը, ո՛չ հուրը...»։
Վարդանանց տոնը շարժական է և նշվում է Բուն Բարեկենդանից առաջ ընկած հինգշաբթի օրը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր Սուրբ և անմահ պատարագ մատուցվեց՝ ձեռամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի, Սևանի Վազգենյան դպրանոցի և Քահանայից պատրաստման լսարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանի։
Հայր Սուրբն իր խոսքում նշեց՝ աղոթում են, որ ամենակալ տերը զորացնի Ամենայն Հայոց Հայրապետին, որ Վեհափառի հայապետական առաջնորդությամբ եկեղեցին շարունակի նորանոր ձեռքբերումներ արձանագրել։
Այս օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության օրն է, Սուրբ Պատարագից հետո կատարվեց Հայրապետական մաղթանք։




















