Նախընտրական շրջանն անցավ, այսօր արդեն ստիպված են խոստովանել՝ «դույլով ծիրան» հնարավոր չէ Եվրոպա արտահանել. Քաղաքագետ
- 2 hours ago
- 2 min read

Այսօր, կառավարության նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ ԵՄ հայկական ապրանքների արտահանման խնդիրը լուծված է միայն քաղաքական մակարդակում, մնում է, որ գործնական մակարդակում լուծվի, քանի որ չենք կարող ծիրանը Եվրամիություն «դույլով արտահանել»։
Aysor.am-ի հետ զրույցում քաղաքագետ Արա Պողոսյանը նշում է՝ դեռևս նախընտրական քարոզարշավի ընթացքում ցանկացած ողջամիտ մարդու համար էլ պարզ էր, որ արտահանումը Ռուսաստան Եվրոպա վերաուղղելու մասին հայտարարությունները զուտ քարոզչական նպատակ ունեին։
«Որքան էլ փորձ արվի արտաքին առևտուրը կարգավորել դոտացիաներով կամ արտոնություններով, միևնույն է , այն ենթարկվում է շուկայական օրենքներին։ Այդ միջոցները կարող են լինել միայն ժամանակավոր, վերջում շուկան պարտադրում է իր կանոնները։ Հետևաբար, այն ապրանքը, որը պետք է արտահանվեր Եվրոպա, նախ պետք է համապատասխաներ եվրոպական ստանդարտներին։ Բացի այդ, ռուսական շուկայի կարևոր առավելությունն այն է, որ այնտեղ կա բավականին մեծ հայկական համայնք, որը տարիներ շարունակ ինտեգրված է ռուսական բիզնես միջավայրին։ Հայաստանի արտահանողները, ովքեր ծանոթ են արտահանման գործընթացին, առաջին հերթին Ռուսաստանում են գտնում այն գործընկերոջը, որը պատրաստ է ընդունել այդ ապրանքը»,-ասում է Պողոսյանը։
Քաղաքագետն ընգծում է՝ եվրոպական շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ է կառուցել բոլորովին նոր գործարար կապեր, նոր լոգիստիկ շղթաներ, իսկ դա բավականին երկարատև և բարդ աշխատանք է.
«Հատկապես, երբ Եվրոպայում չունենք այնպիսի հայկական բիզնես ցանց, ինչպիսին ձևավորվել է Ռուսաստանում, ամեն ինչ ավելի է բարդանում։ Հենց այդ պատճառով էլ ակնհայտ էր, որ նման խոստումները գործնական հիմք չունեին։ Երկարաժամկետ հեռանկարում նման շուկայական փոփոխություններ հնարավոր չէ միանգամից իրականացնել։ Այսինքն՝ դեռ այն ժամանակ հասկանալի էր, որ դրանք պարզապես քաղաքական հայտարարություններ էին, որոնց հիմքում չկային ո՛չ անհրաժեշտ հաշվարկներ, ո՛չ տնտեսական հիմնավորում»։
Արա Պողոսյանի խոսքով՝ երեկ խոստումներ տված մարդիկ արդեն այսօր, երբ բախվում են շուկայական իրականությանը, ստիպված են լինում խոստովանել, որ, օրինակ, «դույլով ծիրան» հնարավոր չէ արտահանել.
«Վաղը կարող են ասել, որ նույն կերպ հնարավոր չէ ծաղիկ արտահանել Հոլանդիա կամ այլ գյուղատնտեսական արտադրանք հասցնել եվրոպական շուկա։ Արդյունքում արտահանման սեզոնը կանցնի, և կպարզվի, որ խոստացված արդյունքները չեն ապահովվել։ Այնուհետև կփորձեն նոր խոստումներով մարդկանց համոզել, որ հաջորդ տարին ավելի հաջող կլինի։
Սակայն իրականությունը շատ ավելի կոշտ է և հիմնված է ոչ թե քաղաքական հայտարարությունների, այլ շուկայական հարաբերությունների վրա»։




















