Գիտնականները պարզել են, որ քթի սփրեյը տարբեր կերպ է ազդում տղամարդկանց և կանանց ուղեղի վրա
- 11 hours ago
- 1 min read

Genomic Psychiatry ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ նույն քթի դեղամիջոցը կարող է տարբեր կերպ ազդել տղամարդկանց և կանանց ուղեղի վրա։ Սա վկայում է այն մասին, որ այսպես կոչված «դեղամիջոցի տեղափոխում քթից ուղեղ» համակարգում առկա են կարևոր տարբերություններ։
Գիտնականներն ուսումնասիրել են մի մեթոդ, որի դեպքում դեղամիջոցը ներարկվում է քթի սփրեյի տեսքով և հոտառական ուղիներով անմիջապես հասնում կենտրոնական նյարդային համակարգ՝ շրջանցելով օրգանիզմի պաշտպանիչ արգելքների մի մասը։ Այս մոտեցումը հեռանկարային է համարվում ուղեղի հիվանդությունների, այդ թվում՝ ճանաչողական խանգարումների և նեյրոդեգեներատիվ գործընթացների բուժման համար։
Փորձարկմանը մասնակցել են տարեց մարդիկ, որոնց մի մասն ունեցել է նորմալ ճանաչողական ֆունկցիաներ, իսկ մյուս մասը՝ հիշողության թեթև խանգարումներ։ Նրանց ինսուլին են ներարկել քթի միջոցով, այնուհետև ՊԷՏ սկանավորման օգնությամբ հետևել են, թե ինչպես է այն տարածվում ուղեղում։ Պարզվել է, որ առողջ հիշողությամբ մարդկանց դեպքում դեղամիջոցն ավելի լավ է հասել հիշողության համար պատասխանատու հատվածներին, մինչդեռ սկզբնական ճանաչողական խանգարումներ ունեցողների մոտ դեղի տարածվածությունն ավելի թույլ ու անկայուն է եղել։
Բացի այդ, հետազոտողները տարբերություններ են արձանագրել նաև տղամարդկանց և կանանց միջև. դեղամիջոցի տարածման բնույթը, ինչպես նաև տարբերվել են անոթային համակարգի վիճակի ու ուղեղի առողջության ցուցիչների հետ դրա կապը (կախված սեռից)։ Սա կարող է նշանակել, որ դեղը «քթից ուղեղ» հասցնելու արդյունավետությունը կախված է ոչ միայն տարիքից ու ուղեղի վիճակից, այլև մարդկանց կենսաբանական առանձնահատկություններից։
Հեղինակներն ընդգծում են, որ դեղամիջոցների մատակարարման նման համակարգերը կարող են կարևոր գործիք դառնալ ուղեղի հիվանդությունների բուժման մեջ։ Սակայն դրանց արդյունավետությունը, ամենայն հավանականությամբ, պետք է հարմարեցվի պացիենտների անհատական առանձնահատկություններին՝ ներառյալ սեռն ու անոթային համակարգի վիճակը։




















