Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է
- 1 hour ago
- 1 min read

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը տվյալներ է հրապարակել բռնի տեղահանված արցախցիների սոցիալ-տնտեսական վիճակի մասին.
«Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը մի քանի ցավալի ցուցանիշ Մայր Հայաստանում ապաստանած արցախցիների սոցիալ-տնտեսական վիճակի մասին՝
1. Աղքատության մակարդակը բռնի տեղահանվածների շրջանում, խիստ մոտավոր հաշվարկներով, շուրջ 70% է, ինչը մոտ երեք անգամ ավելին է ՀՀ միջին ցուցանիշից (մոտ 23%):
2. Գործազրկության մակարդակը աշխատունակ արցախցիների շրջանում մոտ 70% է, ինչը մոտ հինգ անգամ ավելին է ՀՀ միջին ցուցանիշից (14%):
3. Աշխատող արցախցիների միջին աշխատավարձը, 2024թ. տվյալներով, մոտ 40% ցածր էր ՀՀ միջին աշխատավարձից (թարմ տվյալ չունեմ, բայց դժվար թե էականորեն տարբերվի):
4. Տեղահանված արցախցիների շուրջ 80%-ը դեռևս չունի սեփական բնակարանը (տունը) և ապրում է գլխավորապես վարձով, ինչը նշանակում է, որ այդ ընտանիքների սպառողական զամբյուղի չափը պաշտոնական միջինից ավելին է:
Եվ այս իրավիճակն ունենք ՀՀ իշխանությունների ձախողված սոցիալական, զբաղվածության ու բնակարանային ծրագրերի պատճառով: Իսկ իրենք ներսում ու դրսում կուրծք են ծեծում, թե իբր ինքնուրույն հաղթահարել են «փախստականների մարդասիրական ճգնաժամը» և մի հատ էլ մատ թափ տալիս մեզ վրա, երբ մատնացույց ենք անում հիմնախնդիրները: Շուտով նման մի գովերգության «հրավառություն» ենք տեսնելու նաև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում՝ «խաղաղության» ու «մարդասիրական ճգնաժամի հաղթահարման» ծխածածկույթների տակ քողարկելով Արցախի ժողովրդի արյունահոսող վերքերը:
Եթե զուսպ ու բազմաչարչար արցախցիները չեն լացում, դա դեռ չի նշանակում, թե նրանց սոցիալական վիճակը բարվոք է: Ընդ որում, հաճախակի նույնիսկ Հայաստանի սովորական բնակիչներն են մտածում, թե լուծված են արցախցիների սոցիալական խնդիրները, այնինչ իրականությունը ցավալիորեն ու կտրականապես տարբերվում է այդ քարոզչական առասպելից:
Շնորհավո՛ր աշխատողների օրը. տարոսը՝ գործազուրկներին»:




















