top of page

Մայր Աթոռը պատրաստ է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հայոց ցեղասպանության վավերագրերի ուսումնասիրությանը. Վեհափառ Հայրապետ

  • Writer: Ani
    Ani
  • 9 hours ago
  • 1 min read




ree

Դեկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «Ցեղասպանություն․ հիշողություն, ճանաչում, կանխարգելում» խորագրով միջազգային գիտաժողովին։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։

Նորին Սրբությունը ողջունել է Միքայել Հեզեմանի այցը համայն հայության հոգևոր կենտրոն և բարձր գնահատել նրա գիտական վաստակը՝ ընդգծելով, որ Մայր Աթոռը պատրաստ է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հայոց ցեղասպանության վավերագրերի ուսումնասիրությանը, քրիստոնեական ժառանգության հանրահռչակմանն ու հոգևոր արժեքների տարածմանը։ Վեհափառ Հայրապետը նաև տիար Հեզեմանին հրավիրել է բանախոսություններով հանդես գալու Մայր Աթոռի միաբանության և հոգևոր-կրթական հաստատությունների սաների համար։

Գերմանացի պատմաբանն իր գոհունակությունն է արտահայտել Հայաստան այցելելու հնարավորության առթիվ՝ պատրաստակամություն հայտնելով վերադառնալու Հայաստան և բանախոսություններով հանդես գալու Մայր Աթոռի գիտա-կրթական կառույցներում։

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ժամանակակից աշխարհում կրոնական ազատության և երկխոսության, համընդհանուր գործակցության ու ջանքերի մեկտեղման կարևորությանը՝ ի խնդիր համամարդկային բարօրության, խաղաղ ու արդար աշխարհի կերտման։

1/2448
bottom of page