«Հներից ոչ մեկի հետ չեմ պատկերացնում, այսօր գործողների հետ չեմ պատկերացնում». Գագիկ Ծառուկյանը՝ հնարավոր կոալիցիայի մասին
- 2 hours ago
- 1 min read

«Մեր բոլորի ուզածն այն է, որ այս վիճակից դուրս գանք, մեր մեջքն ուղղենք, որ աշխարհը մեզ հարգի»,- իր գլխավորած քաղաքական ուժի պայքարի նպատակները լրագրողներին ներկայացնելով՝ ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
Նա վերահաստատեց՝ ընտրություններում հաղթանակի դեպքում իրեն վարչապետի պաշտոնում չի տեսնում, իրենց քաղաքական թիմով կքննարկեն ու կորոշեն՝ 3-4 թեկնածուներից ով կլինի վարչապետի թեկնածուն։
«Հնարավոր է նաև, որ ես խորհրդարան չմտնեմ»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։
Իսկ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժի հետ համագործակցություն, կոալիցիա կլինի՞։ Հարցին ի պատասխան՝ Ծառուկյանը նշեց.
«Հներից ոչ մեկի հետ չեմ պատկերացնում, այսօր գործողների հետ չեմ պատկերացնում»։
Հիշեցնենք՝ Ծառուկյանը բացառել էր նաև ՔՊ-ի հետ համագործակցությունը, վստահեցրել էր՝ այդ ուժին ձայն չեն տա, եթե ԲՀԿ-ի ձայներից կախված լինի՝ ՔՊ-ն իշխանության կլինի, թե ոչ։




















