«Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը». կայացավ Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի կառուցման ֆոտովավերագրության ցուցահանդեսի բացման արարողությունը
- 6 hours ago
- 2 min read

Կայացավ «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդեսի բացումը, որը բացառիկ հնարավորություն է ծանոթանալու Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի կառուցման ֆոտովավերագրությանը:
Ներկայացված աշխատանքները բացահայտում են արձանի կառուցման ամբողջ ընթացքը՝ ստեղծագործական որոնումներից մինչև բարդ ինժեներական լուծումներ։ Ցուցադրությունում կարելի է տեսնել ոչ միայն շինարարության ընթացքը, այլև մարդկանց զգացմունքները, հավատն ու նվիրումը՝ համընդհանուր գործին։
Խորագիրն էլ պատահական չէ ընտրված, նախագիծը, նշում են, հասցրել է միավորել տասնյակ հազարավոր մարդկանց՝ աշխարհի տարբեր անկյուններից:
«Նրանցից յուրաքանչյուրն այս ամիսների ընթացքում իր անմիջական մասնակցություն է ունեցել այս պատմության կեղտմանը՝ մի քար դնելով, մի դույլ շաղախ լցնելով, իր գործով ու մտքով մասնակիցը դառնալով ազգային այս կառույցի ձևավորմանը»,- ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Գագիկ Ծառուկյանի մտահղացմամբ ու Ծառուկյան ընտանիքի միջոցներով կառուցվող արձանը լինելու է աշխարհում ամենաբարձրը, սակայն, ասում են՝ դրա մեծությունը չափվելու է ոչ բարձրությամբ, այլ առաջին հերթին իմաստով՝ խաղաղության, ողորմածության, կարեկցանքի ու հույսի պատգամով։
«2,500 մետր բարձրության վրա, մեկ հեկտարում կառուցվում է, ձյունն էլ չի խանգարում, քամին էլ չի խանգարում, Աստծո «մատը մեջն է»: Ես շատ տպավորված եմ, հիացած եմ: Հիմա ձմեռ է, բայց տասնյակ հազարավոր մարդիկ ցանկություն են հայտել՝ իրենք էլ մասնակից լինեն։ Իմ նպատակը, իմ ծրագիրը, ես զգացել եմ, որ ճիշտ է, որ ազգովի գալիս ենք կառուցելու, մեր ժողովրդին այս վիճակից հանելու, որ լինի՝ հույս լինի, լույս լինի, հավատ լինի»,-նշում է Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի կառուցման մտահղացման հեղինակ Գագիկ Ծառուկյանը:
Հիսուս Քրիստոսի արձանի ընտրության հանձնախմբի նախագահ Ռուբեն Հովհաննիսյանը վստահ է՝ Հատիս լեռան բարձունքում վեր խոյացած Քրիստոսի արձանը դառնալու է հայ ժողովրդի միասնության, քրիստոնեական բարոյական արժեքների պատգամախոսը։ Հիսուս Քրիստոսի արձանը, որպես նյութեղեն վկայություն, դառնալու է բոլոր պահապանը:
«Մենք չենք երկրպագում արձանին, մենք չենք պաշտում արձանը, սակայն արձանի դիմաց մի պահ կանգնելով մեր մեջ արթնանում է երկյուղը՝ հանդեպ մեր երկնավոր Տերը։ Արձանը միջոց է վերապրելու մեր քրիստոնյա լինելու ճշմարիտ և վավերական պատկանելիությունը։ Արձանի ներկայությամբ մեր մեջ պայծառանում է Տիրոջ ներկայությունը և մեզ պատգամում՝ մի՛ երկնչիր, այլ հավատա»,-ընդգծում է Ռուբեն Հովհաննիսյանը։
Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի կառուցման ֆոտովավերագրությանը կարող են սպասել նաև մարզերում, իսկ Երևանում այն բաց կլինի մինչև փետրվարի 22-ը ներառյալ՝ DoubleTree by Hilton Yerevan City Centre հյուրանոցում:




















