Խոշոր հրդեհ է բռնկվել Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանի մոտակայքում
- 4 hours ago
- 1 min read

Ծխի հսկայական սև ամպ է բարձրացել Վալ դ'Ուազ դեպարտամենտի երկնքում։ Շաբաթ երեկոյան խոշոր հրդեհ է բռնկվել Փարիզի «Ռուասի — Շարլ դը Գոլ» օդանավակայանի հարևանությամբ։ Այս մասին Le Parisien պարբերականին հայտնել են Վալ դ'Ուազի հրշեջ ծառայությունից։
Հրդեհը սկսվել է պահեստներից մեկում։ Այս պահին եղած տվյալներով՝ տուժածներ չկան։ Կրակի մարման աշխատանքներում ներգրավվել է շուրջ վաթսուն հրշեջ, որոնք դեպքի վայրում աշխատել են մինչև տեղական ժամանակով շաբաթ օրվա ժամը 23:00-ն։ Հրդեհի առաջացման հանգամանքները դեռևս անհայտ են։
«Groupe ADP» ընկերությունը (փարիզյան օդանավակայանների օպերատորը) հստակեցրել է, որ օդանավակայանի տարածքից դեպի արևմուտք գտնվող պահեստը որևէ առնչություն չունի օդանավակայանի ենթակառուցվածքների հետ։ Ընկերությունից նաև ընդգծել են, որ հրդեհը «չի խաթարել օդային երթևեկությունը»։
Սոցիալական ցանցերում ականատեսները հրապարակել են դեպքի վայրից արված կադրեր։ Կադրերում երևում է, թե ինչպես է ծխի ահռելի սև ամպը տարածվել զգալի հեռավորության վրա։ Այն տեսանելի է եղել շրջակա շատ վայրերից, այդ թվում՝ հենց Փարիզից։




















