Վրաստանում ձերբակալվել է 50 օտարերկրացի․ նրանց թվում են ադրբեջանցիներ և ռուսներ
- 2 hours ago
- 1 min read

Վրաստանում անօրինական միգրանտների դեմ իրականացված հերթական ռեյդերի արդյունքում ձերբակալվել է 50 օտարերկրացի։ Այս մասին հայտնում է երկրի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Ձերբակալվածների թվում են Հնդկաստանի, Վիետնամի, Թուրքմենստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Սուդանի, Պակիստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Հորդանանի, Նիգերիայի, Բանգլադեշի, Ուգանդայի և Քենիայի քաղաքացիներ։
«Միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցները ստուգել են կոնկրետ վայրեր և տարբեր նշանակության օբյեկտներ՝ Վրաստանում առանց օրինական հիմքերի գտնվող օտարերկրյա քաղաքացիներին հայտնաբերելու համար»,- տեղեկացնում է գերատեսչությունը հատուկ ներգաղթային հսկողության միջոցառումների ընթացքի մասին։
Օտարերկրացիներին տեղափոխել են Միգրացիոն դեպարտամենտի ժամանակավոր տեղավորման կենտրոն և սկսել երկրից արտաքսման ընթացակարգերը։
«Վրացական երազանք» կառավարությունն ակտիվ պայքար է սկսել անօրինական միգրանտների դեմ իշխանության ղեկին գտնվելու 13-րդ տարում։ Երկրում խստացրել են միգրացիոն օրենսդրությունը՝ պարզեցնելով արտաքսման, միգրանտների բնակության ու աշխատանքի վայրերի խուզարկության ընթացակարգերը, ինչպես նաև սահմանափակելով նրանց աշխատանքի անցնելու հնարավորությունները։
2025 թվականին միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար երկրից արտաքսվել է ավելի քան 1,3 հազար օտարերկրացի. սա վերջին տարիների բացարձակ ռեկորդ է։ Իշխանությունները խոստացել են, որ արտաքսումների թիվն էլ ավելի կմեծանա։




















