top of page

Աննա Հակոբյանի բարձրաձայնումը ամենևին սեփական անվտանգության հանդեպ մտահոգությամբ պայմանավորված չէ․ Հակոբ Բադալյան

  • 46 minutes ago
  • 2 min read

Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հայտարարությանը։ Հակոբյանը հայտարարել էր, որ ընտանեկան բռնության դեմ պայքարի թեմայով իր խոսքից հետո ստացել է կյանքի սպառնալիքներ, եւ հուսով է, որ պետական համապատասխան կառույցները թույլ չեն տա, որ վարչապետի տիկնոջը որևէ բան լինի, որովհետև դա կհարվածի երկրի հեղինակությանը։ Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։



«Սա բավականին ուշագրավ դրվագ է ընդհանրապես։ Նախ, ուշադրության արժանացնեմ այն, որ խոսելով կյանքի սպառնալիքների մասին, Աննա Հակոբյանը այդ տեսանյութում որպես վկայություն ներկայացնում է ռուսատառ երկու գրառում։ Նկատեք՝ ռուսատառ երկու գրառում։ Ովքե՞ր են, ֆե՞յք են, թե՞ իրական, որտեղի՞ց են։ Իրավապահները կպարզե՞ն։ Դրանից բացի, միթե՞ Աննա Հակոբյանը չէր կարող պարզապես առանց հանրայնացնելու՝ հատուկ ծառայությունների ուշադրությունը հրավիրեր եւ ապավիներ նրանց։ Վստահ եմ՝ կարող էր։ Ավելին, վստահ եմ նաեւ, որ հատուկ ծառայությունները ինքնին բավականին ուշադիր կլինեն վարչապետի տիկնոջ գրառումների հանդեպ արձագանքներին։



Հետեւաբար, պետք է եզրակացնել, որ Աննա Հակոբյանի բարձրաձայնումը ամենեւին սեփական անվտանգության հանդեպ մտահոգությամբ չէ, որ կարող էր լինել պայմանավորված։ Եվ հենց դրանով էլ այն արժանի է ուշադրության, որովհետեւ ըստ ամենայնի դա ունենալու է որեւէ շարունակություն՝ իրադարձության զարգացման որեւէ տրամաբանություն։



Այն, որ սպառնալիքներն ու բռնությունը անթույլատրելի, անընդունելի, միարժեք մերժելի երեւույթ են՝ եթե չեն բխում ինքնապաշտպանության անքակտելի իրավունքից, սա անձամբ ինձ համար աներկբա է։ Դատապարտելի է բռնության մշակույթը միարժեք։



Սրանով հանդերձ, այս դրվագը նկատելի ուշադրության եմ արժանացնում այն պատճառով, որ ունեմ վստահություն՝ վարչապետի տիկինը ընտանեկան բռնության դեմ պայքարի նախաձեռնությունը թերեւս ծրագրում է վերածել ավելի լայն մի պրոցեսի, որը կարող է ստանալ ընդհուպ քաղաքական տրամաբանություն՝ թեկուզ ոչ դասական եւ ուղղակի իմաստով։ Կրկնեմ, հենց այդ ենթադրությունն է, որ դարձել է այս անդրադարձիս պատճառ։ Հետեւենք ընթացքին։ Նաեւ ընդգծեմ, որ ընտանեկան բռնության ցանկացած դրսեւորում իհարկե դատապարտելի եւ մերժելի է։ Միեւնույն ժամանակ, այս թեման շատ խորն ու բազմաշերտ մշակութաբանական եւ մարդաբանական երեւույթ է, որի դեմ իսկապես արդյունավետ պայքարի եւ այն չեզոքացնելու համար ավելի շատ պահանջվում է այսպես ասած «դաշտային հետազոտական» աշխատանք, քան ինֆորմացիոն բնույթի դրսեւորումներ։



Հ․Գ․ Իսկ իրավապահներին, հարկ է թերեւս հիշեցնել, որ օպերատիվ պետք է գործել բոլոր այն պարագաներում, երբ կա անձի հանդեպ սպառնալիք, լինի այդ անձը վարչապետի տիկին, թե որեւէ ընդդիմադիր գործունեություն ծավալող կին»,-գրել է նա։

1/2816
bottom of page