top of page

Որտեղից են հայտնվել արյան հետքերը քաղաքացու դեմքին և վերնաշապիկին, տեղյակ չենք․ Ստեփանավանի համայնքապետարանի արձագանքը

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Jan 13, 2024
  • 1 min read

Որոշ լրատվամիջոցներ ակնհայտ ապատեղեկատվություն են տարածել, թե իբր Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը վիճաբանություն է ունեցել քաղաքացու հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել Ստեփանավանի համայնքապետարանը՝ անդրադառնալով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի՝ արված հայտարարությանը, թե Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետը փորձել է դանակով կտրել անձնական հարցով դիմած քաղաքացու կոկորդը:

«Այն որ քաղաքացի Գագիկ Կարապետյանը համայնքապետարան եկել է, փաստում են համայնքապետարանի տեսախցիկները։ Այդ նույն տեսախցիկները փաստում են նաև, որ նա համայնքապետարանի շենքից դուրս է եկել առանց որևէ վնասվածքի։

Քաղաքացին, գտնվելով համայնքապետարանում, դրսևորել է ոչ ադեկվատ պահվածք, հայհոյել է , խոչընդոտել է համայնքապետարանի բնականոն աշխատանքը,  որի հիմքով համայնքապետարանը դիմել է ոստիկանություն՝ քաղաքացու կողմից հասարակական կարգը պահպանել պարտադրելու խնդրանքով։

Ավելի ուշ,  քաղաքացին ևս մեկ անգամ նկատվել է համայնքապետարանի բակում, սակայն եղել է ոչ ադեկվատ վիճակում, փորձել է կրկին մուտք գործել համայնքապետարան, սակայն պահակը ներս չի թողել։

Որտեղից են հայտնվել արյան հետքերը քաղաքացու դեմքին և վերնաշապիկին՝ համայնքապետարանը տեղյակ չէ, համարում է, որ դա պետք է պարզեն իրավապահ մարմինները։

Հորդորում ենք բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք տարածել են ակնհայտ սուտ տեղեկությունը՝ հրատապ հերքել այն»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ նախօրեին Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետը փորձել է դանակով կտրել անձնական հարցով քաղաքապետին դիմած քաղաքացու կոկորդը:

1/2515
bottom of page